Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Համաշխարհային մղձավանջ

Համաշխարհային մղձավանջ
21.11.2023 | 22:05

Ժամանակն հրթիռ է արձակված,

վայրկյանիդ տերն անգամ ինքդ չես․

այսքա՜ն էլ անհասցե ապագա՞,

այսքա՜ն էլ հորինված հարալե՞զ։

Մոլորակն է սուրում խենթացած,

փնչում է չափ գցած ձիու պես,

քրտիքը մշուշ է խտացած,

խրտնել է վտանգից մի անտես։

Հիվանդ է ցավով մի անանուն,

ջերմի մեջ տնքում է, զառանցում,

չորս կողմը ավեր է ու արյուն,

Իբլիսն է հաղթանակ գրանցում։

Աշխարհը փոխվել է միամիտ,

փոխվել են դեմքերը՝ վեհ ու պարզ,

խոսքերը տափակ են ու անմիտ,

բառերը՝ բոռերի մեղվապարս։

Այսքան էլ շպարված ստաե՞րթ,

էլ ինչի՞ն կամ թե ո՞ւմ հավատաս,

բարբաջը քերթվածք է հոյակերտ,

անճարը հանճար է երկնահաս։

Ամենուր չարքեր են պտտվում,

ոչնչին փրկիչ են դարձրել,

երբ ուզեն՝ բոստանի մի դդում

կարող են աստղերին հասցնել։

Խե՜ղճ Աստված, արարումդ ավերվեց,

Ադամ ու Եվա չեն մնացել․

թե մեկը որձակ է, վաղը հենց

կտեսնես, որ վառեկ է դարձել։

Աչքիդ դեմ զբոսնող զույգն ահա՝

թևանցուկ քայլում է միասին,

երկուսն էլ աղջիկ են կամ տղա․

դարձել են միասեռ ամուսին։

Ցնդել է աշխարհը, ո՛վ Աստված,

ամեն ինչ շրջվել է գլխիվայր,

ճշմարիտն, արդարը ամոթխած՝

քաշվել են մի անկյուն շանթահար։

Ամենուր կանաչն է թագավոր,

որ սուտը ճշտի է վերածում,

տերերը՝ բթամիտ, հաստափոր

օրը մեկ՝ նոր ձվեր են ածում։

Թե այսպես մի քիչ էլ երկարի,

գետերը հակառակ կհոսեն,

երիցս անիծյալ այս դարի

ճակատին նոր պոզեր կբուսեն։

Մոլորակն առանցքն է իր շեղել,

անդունդն է խելահեղ քրքջում,

Բարձրյալը այսահար է եղել,

փրկության աղոթք է մրմնջում։

Աշխարհը վազում է դեպ անդունդ,

տագնապի ահազանգ է հնչում,

մինչ սառած հողի մեջ ամեն հունդ

անհամբեր՝ գարուն է անրջում։

Հասմիկ Վարոսյան

10․ 11․ 2022թ․

Դիտվել է՝ 5388

Մեկնաբանություններ